Կոմիտասի պուրակ, վերակառուցման նախագիծ

ԲԱՑԱՏՐԱԳԻՐ 

1. Ընդհանուր տվյալներ 

14000 քմ ընդհանուր մակերեսով այգի-պուրակը նախագծված է «ԻԹԱԿԷ 999» ՍՊԸ-ի կողմից համաձայն՝ 

• Նախագծային աշխատանքների կատարման № 2/19 պայմանագրի։ 

• Պատվիրատուի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի («18» հուլիսի 2019թ կնքված պայմանագրի թիվ 2 հավելված)։ 

• Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրի (Արտոնագիր ՃԲԴ-Ա-0691 բարձրագույն դաս, ենթադաս «Ա», ճարտարապետ Անանյան Տելեմակ Ալբերտի)։ 

• ՀՀ-ում գործող շին. նորմերի։ 

Նախատեսվում է ք. Երևան, Արաբկիր համայնքի, Կոմիտասի պողոտա 49-51 հասցեում գտնվող պուրակի վերակառուցման նախագիծ՝ 14000քմ մակերեսով: 

2. Բնակլիմայական պայմաններ 

Ճարտարապետա-շինարարական լուծումները նախատեսված են հետևյալ պայմանների համար. 

Դիտարկվող տարածքը գտնվում է կլիմայական չոր տափաստանային գոտում: Ամառը տևում է 4 ամսից ավելի` չոր, շոգ եղանակով։ Օդի միջին ջերմաստիճանն օգոստոսին 22-26 աստիճան է, առավելագույնը` 41.4 աստիճան: Ամռանը զարգանում են լեռնահովտային քամիները, որոնք ուժգնանում են օրվա երկրորդ կեսին՝ երբեմն հասնելով 15-20 մ/վրկ.-ի: Ձմեռը չափավոր ցուրտ է. հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի: Հունվարի միջին ջերմաստիճանը -4-ից -6 է, առավելագույնը` -31: Օդի բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները կազմում են համապատասխանաբար 41.0 C (օգոստոս) և -21 C՛ (հունվար): Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 1 1.5 C: 

Ընդհանուր առմամբ համայնքի կլիման խիստ ցամաքային է՝ շոգ և չոր ամառներով և չափավոր ցուրտ, անկայուն ձնածածկույթով ձմեռներով: Կլիմայի ցամաքայնությունը պայմանավորված է ամռանը՝ հարավից չոր գերտաքացած օդային զանգվածների, իսկ ձմռանը՝ հյուսիսային ցուրտ օդային զանգվածների ներխուժումով, որոնք հետագա անտիցիկլոնային եղանակների պայմաններում ավելի են սառում: 

Տարածքը գտնվում է Երևան քաղաքի հյուսիսային մասում, ծովի մակերևույթից 1181-ից 1187մ բարձրության վրա։ Կլիման աչքի է ընկնում չորայնությամբ: Գարնանը տեղումների քանակը կազմում է 141 մմ, ամռանը՝ 53 մմ, աշնանը՝ 72 մմ, ձմռանը՝ 87 մմ: Տեղումների տարեկան քանակը կազմում է 353 մմ: 

Օդի հարաբերական խոնավությունը տատանվում է ամռանը 49% — 53%, ձմռանը՝ 73% -77%, գարնանը՝ 53% -61% և աշնանը՝ 51% — 70% սահմաններում: Օդի միջին տարեկան հարաբերական խոնավությու նը կազմում է 61%: 

Գերիշխում են թույլ քամիները: Քամու գերակայող ուղղությունը հյուսիս-արևելյան է: Ձնռան ամիսներին հաճախակի են լիակատար անդորրն ու թույլ քամիներով եղանակները, ինչը նպաստում է գոգավորության մեջ սառը օդի լճացմանը: Հանդարտ եղանակի կրկնությունը տարվա կտրվածքով կազմում է 37%: 

Արեգակնային ուղիղ ճառագայթման տարեկան քանակը կազմում է 161.4 կկալ/սմ2, առավելագույնը դիտվում է հունիս ամսին՝ 21.4 կկալ/սմ, նվազագույնը դեկտեմբեր ամսին՝ 4.6 կկալ/սմ2: Ալբեդո (արտացոլված ճառագայթումը) կազմում է 25.1%. Ալբեդոյի մեծության վրա զգալի ազդեցություն են գործում քաղաքային պայմանները՝ (օդի աղտոտվածությունը, շենքերի գույնը, ճանապարհային ծածկը) մեծացնելով կամ նվազեցնելով ազդեցությունը: Ռադիացիոն հաշվեկշռի տարեկան գումարի բացարձակ մեծությունը կազմում է 69 կկալ/ սմ2, առավելագույնը դիտվել է հուլիս ամսին՝ 10-12 կկալ/սմ2, իսկ նվազագույնը դեկտեմբեր ամսին՝ 0.5 կկալ/սմ 2։ Արևափայլի տևողությունը կազմում է միջին հաշվով 2600 ժամ, առավելագույնը հասնում է 2800 ժամի: 

Ամռանը հողի մակերևույթը սովորաբար տաքանում է մինչև 50 C, իսկ առանձին դեպքերում մինչև 60 OC: Ձմռանը սառչում է միջին հաշվով 2-25 սմ խորությամբ, առանձին տարիներին կարող է սառչել մինչև 45 սմ: Ամռանը հողը ուժեղ չորանում է և ճաքճքում: Այսպիսի պայմաններում առանց արհեստական ոռոգման բույսեր աճեցնելը գործնականորեն անհնար է: 

Գրունտները ժայռային և կիսաժայռային են, այգու վերնամասի որոշ հատվածներում հողի վերին ծածկույթի շերտը չի գերազանցում 45-50 սմ, ինչի պատճառով մեկ տասնյակից ավելի ծառեր հիմնովին չորացել են։ 

3. Մանր ճարտարապետական ձևերծավալատարածական և հատակագծային լուծումներ 

Նախատեսվում է ապամոնտաժել մոտակայքում առկա մանրածախ առևտրի տաղավաները և վերականգնել այգի/պուրակը, ինչպես նաև Կոմիտաս – Հյուսիսային առանցք երբեմնի կապը։ 

Նախագծով նախատեսվող մանր ճարտարապետական ձևերն են. դեկորատիվ ջրավազան — շատրվան, բաց ամֆիթատրոն, խաղահրապարակներ, սպորտային, մարմնամարզության հրապարակներ, միջոցառումների հրապարակ, լենդ-արտ ինստալացիաներ, կինետիկ քանդակներ, ավանդական հայկական վիշապաքարերի ցուցադրություն, մասնակի ցանկապատ պուրակի հետիոտն շարժը կանոնակարգելու նպատակով, լուսավորություն և դիդակտիկ ու նավիգացիոն վահանակներ։ 

Ճեմուղիները հարդարվելու են Արցախի սպիտակա-մանուշակագույն մարմարացված կրաքարե և բազալտե մասիվ վեցանկյուն սալերով։ Նախատեսվում է գոյություն ունեցող ֆլորան հարստացնել մոտ 30-ից ավել ծառատեսակներով, թփատեսակներով և ծաղիկներով։ Բույսերն ընտրվել են դիմացկունության, տափաստանային չոր ու շոգ, քաղաքային անբարենպաստ պայմաններին հեշտ հարմարվելու, ցրտադիմացկունության, երկարակյացության սկզբունքներով, ինչպես նաև ոչ շատ խոնավասեր, սաղարթախիտ ու բարձր կպչողականությամբ։ 

Գլխավոր հատակագծով նախատեսում ենք պուրակի կենտրոնական մասը դարձնել գրավիչ ու հեշտ հասանելի դիմային հատվածից՝ Կոմիտասի պողոտայից:  

Հարավ-արևելյքից նախատեսում ենք լայն հետիոտն ճեմուղի՝ երեսապատված վեցանկյուն խոշոր քարե սալերով, որը սահուն կորով լծորդվում է կենտրոնական միջոցառումների հրապարակի հետ: 

Հարավ-արևմուտքից՝ օգտագործելով նիշերի զգալի տարբերությունը (ավելի քան 6մ), նախատեսում ենք կիրառել իրար հաջորդող լայն աստիճաններ՝ վառ արտահայտված ուղղահայաց մակերեսներով: Աստիճանաշարքերի միջև գոյացող հորիզոնական հարթակները կլինեն մանրախճի ծածկույթով: Հորինվածքն ամբողջական է դառնում ներգծված լայն հորիզոնական մակերեսներ հանդիսացող սպորտային հրապարակով և ջրավազան-շատրվանով: 

Խոշոր զբոսուղինիներից զատ նախատեսված են նաև առավելապես ֆունկցիոնալ ճեմուղիներ՝ ապահովելով անխոչնդոտ շարժման նորմերը պուրակի ամբողջ տարածքով: Ճեմուղիների նկարվածքը մշակելիս հիմք է հանդիսացել տարածքում առկա հետիոտն արահետների ցանցը: Այսպիսով նախատեսում ենք ունենալ հարմարավետ հետիոտն անցանելիություն դեպի տարածքի հյուսիս: 

Հաշվի առնելով տարածքի հարմարավետությունը նաև սպասարկման տեսանկյունից՝ Կոմիտասի պողոտային հարող մայթին կից, բազմաֆունկցիոնալ կենտրոնի արևելյան հատվածում նախատեսում ենք փոքր հրապարակ: Այստեղ տեղակայված կլինեն ծառայողական մուտքը և հեծանիվերի կայանատեղերը: 

Պուրակի կանաչապատ մակերեսներում նախատեսում ենք ձևավորել հողաթմբեր, որոնք կհանդիսանան յուրահատուկ լանդշաֆտային էլեմենտներ: Այս մոտեցմամբ է լուծված մասնավորապես ամֆիթատրոնը՝ այն էլիպսաձև է և ամբողջությամբ ներգծված է բլրակի մեջ: Երեսապատումը և նստարանները նախատեսվում է իրականացնել արցախի սպիտակ մարմարացված կրաքարով: Կլինեն շուրջ 350 նստատեղեր, դասավորված 7 շարքով և պաշտպանված ՊՎԹ ծածկով, իսկ ընդհանուր մակերեսը կկազմի 254 քմ տարածք։ Ամֆիթատրոնում նախատեսվում է իրականացնել ինչպես համերգներ, այնպես էլ կինոդիտումներ։ 

4. Ծառերի տեսականի — առաջարկ 

Ուռենի 

Ուռենին ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է։ Աճում է գետերի եվ առուների ափերին, ջրավազանների եվ ջրամբարների շրջակայքում, խոնավ վայրերում։ Ծառի բարձրությունը հիմնականում հասնում է 15մ։ Առաջարկվում է շատրվանի շուրջ ունենանալ ուռենիների ռիթմիկ շարք: 

Սոսի 

Սոսին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել 50մ։ Ջերմասեր, խոնավասեր ու լուսասեր է, երկարակյաց, արագ է աճում։ Կիրառվում է քաղաքի կանաչապատման մեջ, ապրում է մինչև 3000 տարի։ Արաջարկվում է, որպես ստվերաստեղծ ծառատեսակ, որը հեշտ է հարմարվում Երևանի պայմաններին։ 

Հացենի 

Հացենին ձիթազգիների (Oleaceae) ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ է: Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, ղաժու և այլ տեսակների հետ: Ցրտադիմացկուն է, ապրում է 250-300 տարի: Առաջարկվում է պահպանել և հարստացնել պուրակի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան հատվածում: 

Կեղծ ցուգա 

Կեղծ ցուգան սոճազգիների ընտանիքին պատկանող մինչեվ 30 մ բարձրությամբ, բրգաձև սաղարթով գեղազարդ մշտադալար ծառ է։ Ասեղնատերեվները մուգ կանաչավուն են, երկարությունը 1-3 սմ։ Ցրտադիմացկուն է, խոնավասեր, պահանջում է հզոր, պարարտ հողեր։ Առաջարկվում է ունենալ պուրակի հետնամասում, գլխավոր առանցքների վրա։ 

Մրգատու ծառեր՝ ծիրանենի, բալենի, թթենի, արոսենի: Առաջարկվում է օգտագործել ռիթմիկ գծային շարքերով, Կոմիտասի պողոտայից դեպի պուրակի խորքը: Գոյացող հեռանկարները ստեղծում են հաճելի ճեմուղիներ և ընդգծում են հոսքերի բաշխումը տարածքում: 

5. Թփերի տեսականի — առաջարկ 

Հիբիսկուս 

Հիբիսկուս սիրիականը 5-6 մ բարձրություն ունեցող տերեվաթափ թուփ է։ Ունի բավականին խոշոր ծաղիկներ։ Ծաղկի պսակը լայն զանգականման է, վարդածիրանագույն կամ բաց մանուշակագույն , հազվադեպ սպիտակ, կենտրոնում մուգ խալով։ Ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, բարձր գեղազարդ թփատեսակ է, որը մեր հանրապետության պայմաններում, սեզոնի երկրորդ մասում լրացնում է ծաղկող բուսատեսակների պակասը։ 

Եղրևանի 

Եղրևանին ձիթազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ծառերի ցեղ է։ Ունենում է 2-8 մետր բարձրության։ Ծաղկում է մայիսի վերջից մինչև հունիսի սկիզբ։ Ծաղկման շրջանի տևողությունը 20 օր։ Ծաղիկները սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն են։ Հայաստանում հայտնի է 2 տեսակ՝ սովորական եվ պարսկական։  

Ոսկեզանգ 

Ֆորզիցիան ձիթենազգիների բազմամյա տերևաթափ թփերի ցեղ է։ Բարձրությունը մինչև 2 մ, ծաղիկներն ունեն վառ դեղին կամ ոսկեդեղին երանգ, ծաղկում է վաղ գարնանը, մինչև տերևների բացվելը։ Լուսասեր է, ցրտադիմացկուն և ջերմադիմացկուն։ 

Բռնչի 

Բռնչին այծատերևազգիների ընտանիքի բարձր թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ է։ Բարձնությունը մինչև 3,5մ, կեղևը՝ գորշ ճեղքվածքներով։ Ծաղիկները սպիտակ են կամ վարդասպիտակագույն, կազմում են վահանաձև կամ հովանոցանման՝ 5-10 սմ տրամագիծ ունեցող ծաղկաբույլեր։ Ծաղկման շրջանը մայիս-հունիս ամիսներին է։ Պտուղը միակորիզ է, դառնահամ, հասունանում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և ամբողջ ձմռան ընթացքում մնում է թփերի վրա։ 

Ասպիրակ Վանհուտտի 

Ասպիտակ վանհուտտին թուփ է,որը ծաղկման շրջանում պատվում է սպիտակ ծաղիկների ամպով։ Հասուն վիճակում իրենից ներկայացնում է գունդ 2 մետրանոց սաղարթով։ Ծաղկում է ամռան սկզբում, ծաղկման շրջանի տեվողությունը 3-4 շաբաթ։ Ծաղիկները մանր են , սպիտակ, հավաքված ծաղկաբույլում, ցրտադիմացկուն է։ 

Մագլցող վարդ 

Վարդենին վարդազգիների ընտանիքի բազմամյա թուփ է։ Հայաստանում հանդիպում է վայրի 31 տեսակ։ Վարդերի մեծամասնությունը ծաղկում է տարին մեկ անգամ՝ մեկ ամիս կամ ավել, սակայն շատ առատ։ Բարձրանում է 1,5-ից 5 մետր, իսկ որոշ տեսակներ առաջացնում են մինչև 10-12 մ երկարությամբ ընձյուղներ։ Ծաղիկները բուրումնավետ են, կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն կամ մանուշակագույն, մեկական կամ բազմածաղիկ։ Կիրառվելու է պուրակի հետնամասում, որպես ուղղահայաց կանաչապատում։ 

Գիհի 

Գիհին պատկանում է նոճազգիների ընտանիքի մշտականչ թփերի և ծառերի ցեղին: Մշտադալար փշատերև թուփ է կամ ծառ, որի բարձրությունը հասնում է 16մ: Կլոր, մուգ կապտավուն կոները հասունանում են 1-3 տարվա ընթացքում: Տերևներն ասեղնաձև են: Ծաղկում է մայիսին: Ապրում է 300-400 տարի: 

Թույա 

Թույա արևմտյանը նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ասեղնաձև ծառատեսակ է։ Բարձրությունը մինչև 18, երբեմն 35մ։ Ունի լայն բրգաձև սաղարթ։ 

6. Առաջարկվող ծառատեսակների մասնագիր 

Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեսականին ավելացնել 30 տարբեր բույսերով՝ մոտ 800 ծառ և թուփ։ 

բուսատեսակ քանակ / հատ 
Ուռենի (Salix) 
Արոսենի Հայաստանյան (Sorbus hajastanae) 
Սոսի (Platanus) 12 
Հացենի (Fraxinus) 
Կեղծ ցուգա (Tsuga) 18 
Ծիրանենի (Prunus Armeniaca) 20 
Բալենի (Cerasus) 15 
Թթենի (Morus) 10 
Արոսենի (Sorbus) 10 
Հիբիսկուս (Hibiscus) 10 
Եղրևանի (Syringa) 18 
Ոսկեզանգ (Forsythia) 25 
Բռնչի (Viburnum) 25 
Ասպիրակ վանհուտի (Spiraea) 50 
Մագլցող վարդ (Rosa) 300 
Գիհի (Juniperus) 80 

ՆԳՃ՝ 

ճարտարապետության թեկնածու Տելեմակ Ալբերտի Անանյան 

Ճարտարապետներ՝ 

Հայկ Բաբկենի Մարտիրոսյան, Մարտինա Ջովաննի Ռոտիլիո, Արմեն Աշոտի Հյուսիսյան 

Հեղինակային կազմ՝ 

Տելեմակ Ալբերտի Անանյան, Հայկ Բաբկենի Մարտիրոսյան, Մարտինա Ջովաննի Ռոտիլիո 

Եռաչափ մոդելավորում և գրաֆիկա` 

Հայկ Բաբկենի Մարտիրոսյան, Մարտինա Ջովաննի Ռոտիլիո, Նվէր Հրաչի Մուրատեան, Արմեն Աշոտի Հյուսիսյան  

Դենդրոլոգիական կոնսուլտացիա՝ 

Մեխակ Լյուդվիգի Սաադյան 

Գրականության ցանկ 

ՀՀՇ Ն, Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր 

Ղալումյան Լ., Երևանի Արաբկիր Թաղային Համայնքի Տարածքի Գոտևորման Նախագիծ, Գիրք 1, Տեքստային մաս, Երևան 2007 

Սայադյան, Մ.Լ., Բուսատեսակների հավաքածու, Սիմ տպագրատուն, Վանաձոր 2010 

Николаева Н.С., Японские сады. Арт Родник , Моск ва 2005 

Нойферт Э., Строительное проектировение, перевод с немецкого «Архитектура-С», Москва 2009 

Olsson S. The contemporary Garden. Phaidon Press Limited, London, New York 2011 

Phaidon Editors. The gardener`s garden. Phaidon Press Limited, London, New York 2014 

Phaidon Editors. The garden Book. Phaidon Press Limited, London, 2000 

Nicolin P., Repishti F., Dizionario dei Nuovi Paesaggi, Skira, Milano, 2008